kh_tert


ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կրոնական, մշակութային, լրատվական երկշաբաթաթերթ


Previous Entry Share Next Entry
ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ (1899-1937)
kh_tert

 Սկիզբը՝ 2011 Մայիս Ա-Բ

 

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Պատմվածքները, պատմվածքների գեղագիտական հիմքը

Բակունցի մթնաձորյան բոլոր հերոսները բնության հավասար զավակներ են։ Ահա՛ նրանք՝ անտառապահ ու որսորդ, նախրապան ու հնձվոր, այգեպան ու սերմնացան... Նրանց կենցաղը նույնն է եղել դարեր շարունակ. նրանք հնձել են խոտ ու կորեկ եւ այծ ու ոչխար պահել, կով են կթել ու որս են արել անտառներում, արթնացել են արեւի հետ ու քուն մտել արեւամուտին, թաքցրել են իրենց հոգու գեղեցկություններն ու ապրումները, տառապել լուռ ու աննկատ։ Ծննդյան օրից մինչեւ մահ նրանք նույնությամբ տեսել են միեւնույն ծառն ու ծաղիկը, սարն ու ձորը, գետն ու աղբյուրը եւ նույն կամ միանման մարդկանց ու անասուններին։ “Տարիների ընթացքում ամեն ինչ ամեն օր կրկնվել էր այնքան նման իրար, որ շարժումները մեքենայացել էին”,- վկայում է գրողը (“Վանդունց Բադին”)։ Բառերը կրկնվել են նույնությամբ, ասվել են նույն խոսքերը, եւ մարդիկ առանց բացատրական մանրամասների հասկացել են իրար։ Նաեւ սա է պատճառը, որ Բակունցի պատմվածքներում երկխոսություններ գրեթե չկան։ Ի՞նչ խոսեն, երբ առանց խոսքի էլ ամեն ինչ պարզ է ու հասկանալի։ Մարդկային հաղորդակցումն էլ է բնությունը կարգավորում։ Այդ մարդիկ իրար հետ խոսում ու հարաբերվում են այնպես, ինչպես անտառում աճած ծառերը, նույն լուծը քաշող եզները։ Սա բակունցյան խոսքի լռության բարձրագույն արվեստն է։

 

Ինչո՞վ բնության հավերժական հոլովույթի մի մասնիկը չէ նախրապան Պետին՝

“Այու սարի լանջին” պատմվածքի հերոսը, որի միակ ուրախությունն իր պահած անասուններն են, գյուղամերձ սարերն ու արոտավայրերը։ Նաեւ բնության շարժումն է, որ կարգավորում է նրա կյանքը։ Ձմռանը նա մեռածի նման է, իսկ գարնա՞նը. “Կենդանական մի հաճույք էր ապրում Պետին գարնան սկզբին։ Ձյունաջրի առվակների պես նրա երակներում արյունն ավելի էր եռում եւ ծիծաղում էր, կոկորդային ձայներ հանում։

Այդպես ախորժով վրնջում է ձին, երբ ախոռը ոսկեհատ գարի են լցնում”։

Նույն այդ կյանքով ապրում է նաեւ “Րեւան, Րեւան...” պատմվածքի հերոս Տիրոսը, որի կյանքը “կանաչ սարերն էին, բազմատեսակ խոտերը”։ Դա ոչ միայն զգայական կյանք էր, այլեւ՝ կենսաբանական։ Այդ իսկ պատճառով պատահական չէ, որ Բակունցի հերոսների համեմատության եզրը դարձյալ բնությունն է՝ բույսերն ու կենդանիները. “Սաքանին այնպես թվաց, թե իր կինը որոճում է պառավ կովի պես” (“Մթնաձորի “չարքը”), “Երեկոյան մութի մեջ նրանք ավելի հաղթամարմին էին, ինչպես գեր եզները” (“Ծիրանի փողը”)։ Սա բնաշխարհի համեմատության եզրն է, որ բանարվեստի որոշակի սկզբունք է ձեւավորում։

Այսպես բնաշխարհը նախօրինակ է դառնում մարդկանց հոգեբանական եւ փոխադարձ վարվեցողության ձեւավորման համար։ “Աքարում”, “Տիգրանուհին”, “Թանգին” պատմվածքներում իշխում են բնությունից մարդկային կյանք տեղափոխված անտարբերությունը, հոգեւոր կապի պակասը։ Բակունցն այն պատկերն է ուրվագծում, որ կարծես ոչ թե հոգեւոր կապն է մարդկանց միավորում, այլ՝ սոսկ աշխատանքը, սերնդածնության բնազդը եւ համակեցության սովորույթը։ Ահա ամուսնուն կորցրած

կնոջ “ներաշխարհը”. “Սեր չկար նրանց մեջ եւ ոչ էլ ատելություն։ Մի հարկի տակ ութ տարի ապրել էին եւ այդ տարիներում վարժվել էին իրար, ինչպես ձին է վարժվում ախոռին։ Մի ձմեռ անցավ, կաղնու տերեւները կանաչեցին, եւ երբ Շահանը ուրիշի համար քաղհան անելիս բլրակի գլխից նայում էր անտառի խորքից բարձրացող ծխին, իհարկե, ամուսնուն էր հիշում, բայց կարոտ չկար եւ ոչ էլ քաղցր հուշ” (“Աքարում”)։

Նույն անտարբերությունն է ոչ միայն ամուսինների, այլեւ հոր ու որդու հարաբերությունների մեջ. “Տանը երեխա շատ կար, հոգսը շատ էր, վար ու ցանքսը միջոց չէր տալիս Թանգու հորը` նկատելու ժառանգի առաջին սերը։ Եվ պատահմամբ էր, որ նրա աչքին ընկավ որդու ծակոտկեն երեսը՝ չեչաքար։ Հայրը նայեց, ուզեց մի բան ասի, բայց կոկորդում հացի պատառը շաղախվեց թքի մեջ, կոկորդը սեղմեց, եւ մինչեւ կուլ կտար, միտքն էլ թռավ, անհետացավ” (“Թանգին”)։ Նույն այս անտարբերությունն է “Տիգրանուհին” պատմվածքում։ Եղբոր պարտքի դիմաց առավոտից իրիկուն գլուխը կախ ու ոտաբոբիկ Տիգրանուհին աշխատում է ուրիշների համար եւ մի օր էլ, չդիմանալով այդ ծանրությանը, ավանդում է հոգին։ Իսկ եղբայրը նրա մահն զգում է միմիայն տնտեսական հաշվարկներով. չկա ո՛չ ցավ, ո՛չ հուզմունք, ո՛չ կարեկցանք։ Մանկամարդ աղջկա մասին մնում է այս հիշատակարանը. “Տիգրանուհին մահացավ առանց կարծիքի, տեղոց տեղ, լավ թաղեցինք. եղավ ծախս ութ մանեթ փողով, եւս մի փութ գարի տերտերին, գումարով 9 մանեթ 70 կոպեկ։ Նաեւ առի երկու մոմ”։

Բակունցի գեղագիտության գլխավոր նախապայմանն ակունքներին մոտ լինելն էր, մարդկային կեցության ու բնության ակունքները որպես սկիզբ ընդունելը եւ այդ նախնական վիճակի պարզ, խոր ու փոխներթափանցված հարաբերությունները բացահայտելը։ Ահա՛ նրա դավանանքը. “Ժողովրդի լեզուն պիտի հասկանաս ու գրես բնության լեզվով, որ ամեն ինչ լեզու առած խոսի հոգուդ հետ”։

Գեղեցկության չափն ու չափանիշը: Բակունցի մթնաձորյան աշխարհը մի կողմից բնութագրվում է հերոսների զգայական անտարբերությամբ, մյուս կողմից՝ առանձնանում թաքնված գեղեցկություններով ու անսահման նրբությամբ։ Սակայն այս հարցում էլ է գրողն իրատես՝ բնաշխարհի կարգը գործում է ամենուր, եւ, որպես օրենք, նրբությունն ու գեղեցկությունը ենթարկվում են կոպիտ ուժի միջամտությանը։ Այս տեսանկյունից առանձնահատուկ են “Միրհավ”, “Ալպիական մանուշակը”, “Խոնարհ աղջիկը” պատմվածքները։

“Մթնաձորի “չարքը”: Մինչ դրանց անդրադառնալը՝ քննարկենք “Մթնաձորի “չարքը” պատմվածքը, որի մեջ բացվում է Բակունցի հերոսների հոգեբանական ողբերգության հիմնաշերտերից մեկը։ Դարձյալ գեղեցկության եւ կոպիտ իրականության բախում, որից հետո այդ իրականության հետ հարմարվելն արդեն իսկ աղետ է։

Ամեն ինչ ներկայացված է մթնաձորյան բնորոշ պատկերներով։ Քաղաքից գյուղ է գալիս Ասյա անունով մի հրահանգչուհի եւ գիշերում Սաքանի տանը։ Գյուղ մտնելիս, երբ ձի հեծած Ասյան Սաքանից ճանապարհ է հարցնում, հետո իրենց տանը, երբ նա տեսնում է աղջկա թեթեւակի բացված մերկությունը, այնուհետեւ երեկոյան, երբ աղջիկը

գիշերում է իրենց տանը, եւ նա որտեղից որտեղ նրանից առնում է սարի ծաղիկների հոգեպարար բուրմունք, առավոտյան, երբ երդիկից ընկած ճառագայթների տակ վերստին տեսնում է նրան կիսաբաց վիճակում, նկատում նաեւ անկողնու մոտ դրած նրա սպիտակ շրջազգեստը, ուշադրություն դարձնում, թե ինչպես է աղջիկը լվացվում, ինչպես է փոքր պատառներով հաց ուտում, անմիջապես զգում է կարեւոր, բայց

չունեցած մի բանի պահանջ, ինչը եւ տակնուվրա է անում նրա ներաշխարհը։

Չունեցածի զգացողությունն սկսվում է հակադրությունից։ Նախ, կարծես առաջին անգամ, Սաքանը նկատում է կնոջ թերությունը, հետո՝ անկողնում, դարձյալ առաջին անգամ, զգում վանող տհաճություն նրա հանդեպ։ Մթնաձորի “չարքը” չբացահայտված զգայություններ է արթնացնում Սաքանի մեջ, եւ գեղեցկության հակադրությունը, որ իր կյանքն էր, նրան մի պահ թվում է անտանելի։ Ողբերգությունը պատրաստ է, բայց տարբեր են գիտակցման աստիճանները։ Հաջորդ օրը բան ու գործի մեջ Սաքանը կմոռանա Ասյային կամ հուշերի մեջ կմտաբերի որպես մթնաձորյան “չարք”, որն իր ներկայությամբ ասես թուղթ ու գիր արեց վայրի լեռնականին։

Այս պատմվածքը միաժամանակ պատասխանում է երկու հարցի։ Նախ` կոպիտ

իրականության մեջ նույն այդ մարդիկ ի վիճակի են զգալու գեղեցկությունը, միայն թե զրկված են դրանից, եւ ապա՝ գեղեցկությունն զգացվում ու գնահատվում է դրսի ու ներսի աշխարհների հարաբերությամբ։ Պատահական չէ, որ թե՛ խոնարհ աղջկա, թե՛ եռոտանու առջեւ ծխի քուլաների մեջ գուշակություններ անող կնոջ գեղեցկությունը տեսնում եւ գնահատում են դրսի աշխարհի մարդիկ։

“Ալպիական մանուշակ” նուրբ ու քնարական պատմվածքը գեղեցիկի ըմբռնման եւ իրականության ու գեղեցիկի փոխհարաբերության տեսանկյունից բազմակողմանի ընդգրկում ունի։ Գլուխգործոցային այս երկը կյանքի բանաստեղծական ընկալման (նկարչի կերպարը), առկա բանաստեղծականի անզգայությամբ պատմական հնությունների որոնման (հնագետի կերպարը), կյանքի հոգսերի մեջ կորած եւ շրջապատի կողմից անտեսված բանաստեղծության (հնձվորի կնոջ կերպարը) եւ մթնաձորյան բնորոշ իրականության (հնձվորի կերպարը) մի համադրություն է։

Նկարիչը երազի իրականության, հուշի ու առկա գեղեցկությունների կրողն է։ Կյանքը նրա համար արվեստի գեղեցկությունն է։ “Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք էր թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան” պատկերը, որ մեկ օգտագործվում է Կաքավաբերդը նկարագրելիս, մեկ էլ՝ պատմվածքի վերջում, խորհրդանշում է կյանքի երազային գեղեցկությունը, որը հակադրվում է կոպիտ իրականությանը։

Հնագետն իրականությունից եւ ժամանակային ըմբռնումից բացակա կերպար է։ Նա ե՛ւ կա, ե՛ւ չկա։ Նա ոչ այնքան կորուսյալ գեղեցկության, որքան կորուսյալ պատմության ու ժամանակի կրողն է։ Պատմության զուգահեռը Կաքավաբերդի ներկա իրականությունն է, որի մեջ են հնձվորը, նրա կինն ու նրանց տղան։ Կաքավաբերդի ավերված հնօրյա գեղեցկությունների կողքին ապրում է իրական մի կին, որը գեղեցկության կրողն է ե՛ւ տվյալ պահին, ե՛ւ պատմական ժամանակի ու բնության ժամանակի մեջ. հակառակ դեպքում նա չէր համեմատվի եռոտանու առաջ ծխի շարժումները գուշակող քրմուհու հետ։ Միաժամանակ՝ այդ գեղեցկությունն անպաշտպան գեղեցկություն է, ինչպես լեռնային հրաշք ծաղիկը՝ ալպիական մանուշակը, որը կարող են նաեւ տրորել։

Հնձվորի կերպարը հոգեբանորեն հասունանում է ամբողջ օրվա ընթացքում։ Կորեկի արտը հնձելու գնալիս, երբ իմանում է, որ իրեն ծանոթ քարերի տակից այս օտարականները եկել են ոսկի հանելու, նա իր չգտած, ընդհանրապես չեղած, բայց մտովի օրինականորեն իրեն վերապահած գանձերը կորցնելու ցավ է ապրում։ Այդ ցավն ավելի է ուժգնանում, երբ բարկ արեւի տակ ամբողջ օրը դժվարությամբ հնձում է կարճ ցողունով կորեկը։ Այդ ցավը, խանդի բնազդի հետ միախառնված, ի վերջո, դառնում է այն կոպիտ ուժը, որին ենթակա է անպաշտպան գեղեցկությունը։ Այս պատկերը տրամաբանորեն հակադրվում է ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզի պատկերին՝ տարբերակելով մի կողմից երազային, վերհուշային իրականությունն ու դրա ապահով, նաեւ գնահատված գեղեցկությունը, մյուս կողմից՝ վայրի ու լեռնային գեղեցկությունը, որը ենթակա է իրականության կործանարար օրենքներին եւ ասես բնության տարերք լինի։

 

Շարունակելի

Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

 


You are viewing kh_tert